BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Դարդս լացեք, սարի սմբուլ»

«Դարդս լացեք, սարի սմբուլ»
11.06.2013 | 12:03

Անցած շաբաթը հայկական ֆուտբոլի համար «նշանավորվեց» երկու հանդիպումով: Նախ խաղադաշտ դուրս եկավ մեր քսանմեկ տարեկանների ընտրանին` «Եվրոպա-2015»-ի նախընտրական, ապա ազգային ընտրանին` հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում: Առաջինում 1:2 հաշվով զիջեցինք Իսլանդիայի ընտրանուն, երկրորդում նվազագույն հաշվով պարտվեցինք Մալթայի հավաքականին, և ողբերգությունն այն է, որ սրանցում զարմանալի ոչինչ չկար:
Առաջին խաղի առնչությամբ թերթի էլեկտրոնային տարբերակում հանդիպումից դեռևս մեկ օր առաջ գրել էինք. «Հավաքականի մակարդակով խաղային փորձ չունեցող մեր տղաները թե ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ «Եվրոպա-2015»-ից, թերևս այնքան էլ դժվար չէ գուշակել»:
Սա մեջբերման մի մասն է միայն: Շարունակության մեջ խիստ համառոտ, ըստ էության, մի ռեպլիկով անդրադարձել էինք հայկական ֆուտբոլին, որի ակումբայինը եթե ասենք (ինչպես և ասել էինք) խիստ ցածր մակարդակի է, դարձյալ իրականության առաջ մեղանչած կլինենք, քանզի խիստն ու խստագույնը, գիտեք, չափի տարբեր մեծություններ են: Հետևաբար, այդ պարտության համար գերազանցապես մեր ակումբայիններից կազմված ընտրանու խաղից նեղանալու ոչինչ չունենք: Այս պարագայում մեր հույսը, բնականաբար, մնում էր հաջորդ օրը երիտասարդականի պես հայրենի հարկի տակ հանդես եկող ազգային ընտրանին, որի կազմում են, բարեբախտաբար, նաև այլ երկրների թիմերում մրցելույթներ ու ոչ վատ մրցելույթներ ունեցող ֆուտբոլիստներ: Անուններ չտանք, քանզի ընթերցողը քաջատեղյակ է դրանց:
Իհարկե, խմբայինում կուտակած միավորներն անգամ անհույս լավատեսներին հույս չէին ներշնչում մեր ազգայինին աշխարհի եզրափակիչը կազմող ընտրանիների ցուցակում տեսնել, մանավանդ որ, իր իսկ խոստովանությամբ, նման պարտավորություն ոչ թե չի ստանձնել, այլ դրա թեթև ակնարկն իսկ չի արել ընտրանու գլխավոր մարզիչը, իսկ եթե նա չի հավատում անհավանականին, ուրեմն պապից ավելի պապական լինելը միայն գերագույն միամիտների հավատալու շարքից է: Սակայն սա էլ թողնենք մի կողմ, թեպետ եթե Մալթայի հավաքականին անգամ չենք կարողանում հաղթել, կներեք, ապա ինչպե՞ս որակել եղածը` արիա այլ օպերայի՞ց:
Բայց արդյո՞ք այլ օպերայից և արդյո՞ք չափազանց լավատես չէինք մեր նախնական սպասումներում:
Կներեք, սակայն թույլ տվեք հայկական ֆուտբոլի տեսանելի ապագայի առնչությամբ սեփական համեստ անձիս ունեցած պատկերացումները շոշափելիորեն առանձնացնել լավի ու լավագույնի սահմանագծում ապրողների պատկերացումներից, քանզի ինձ համար այն վերջնականապես մարեց որոշ «ողջամիտների» հանրահռչակած` եվրոպականի խմբայինում Ռուսաստանի ընտրանու հետ ֆուտբոլը բարեկամական ակցիայի վերածելու գաղափարից հետո: Նման «առաջադիմականների» հիմնազուրկ ու դատարկ դատողությունների արդյունքում մենք տեսանելի ապագայից ոչ միայն զրկեցինք մի ողջ ֆուտբոլային սերնդի, այլև շոշափելիորեն նրան հասկացրինք, որ իրենց երակների արյունը երբ ուզենանք կարող ենք սառեցնել հանուն մեր ազգային, իրականում ապազգային ինչ-ինչերի, նորից կառչած մնացինք ստրուկի հոգեբանությանը, Ռուսաստանը կրկնակի սրությամբ շարունակեց զգալ մեր ծայրագավառային լինելն ու դրանից ազատվել չկարողանալու ապաշնորհությունը` մեր գլխին մաղվող ու դեռ հորդելիք բազմաթիվ հետևանքներով: Ես այստեղ լիքը բաներ կարող եմ հիշատակել որպես մեր որդեգրած քաղաքականության հետևանք, սակայն եկեք պահենք էջի մարզական լինելն ու բավարարվենք եղած կսմիթներով:
Դառնանք մեր օրերին:
Մալթայի հավաքականից Հայաստանի ընտրանու այս պարտությունից հետո, անկեղծ ասած, իմ մեջ, հակառակ ոմանց, թիմին ոչ թե քննադատելու, այլ պաշտպանության տակ առնելու բուռն տրամադրություն ու ցանկություն է, և սա ուրբաթ օրը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի հերթական հաղորդումից հետո հատկապես: Տղերք, ի՞նչ է, բանը բանից պիտի անցնե՞ր հասկանալու համար, թե հայկական ֆուտբոլում ինչն ինչոց է, ինչ «պախանային» հարաբերություններ են, որի սոսկական հետևանքները, այն էլ մասնակի ընկալմամբ (կներեք, բայց ձեր անկեղծությանը չեմ վստահում), հուզախռով ոգով, մեռելատիրոջ դեմքով որակեիք «հայկական ֆուտբոլի սև օր»: Էս ի՞նչ հանկարծահաս պարզատեսություն իջավ վրաներդ, ինչո՞ւ մինչ այդ չէիք տեսնում, որ հայկական ֆուտբոլի փտածությունը դիպվածի հետևանք չէ, այլ խոր արմատներ ունեցող համակարգայինի: Այնպես որ, այսքանից հետո էլ չփորձեք «կպնել» հավաքականին, որովհետև դրա հետևում ձեզ մինչև այժմ հակառակը խոսեցնողների ականջներն են երևում, իսկ թե ինչո՞ւ են նրանք, ի դեմս ձեզ, այսպես անսպասելի փոխել իրենց տոնայնությունը, խնդիրը համեստորեն շրջանցենք` իբր թե չենք հասկանում իրողությունը:
Պարտվե՞լ ենք Մալթայի ընտրանուն:
Է՛, ի՞նչ անենք:
Պարտվել ենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 156-րդ տեղը զբաղեցնողի՞ն:
Հետո՞ ինչ: Ամեն ինչ էլ լինում է: Հրեն` ողջ Եվրոպան ջրի տակ է, Ահմադինեժադի անձնական ինքնաթիռն էլ հարկադրական վայրէջք է կատարել: Ձեր ի՞նչ գործն է:
Վարդան Մինասյանը ասում է, թե հրաժարական չի՞ տա (սա ձեր ասածների շարքից չէ, առհասարակ է):
Լավ էլ անում է: Իսկ եթե կուզեք ճիշտը իմանալ չուզողի աչքն էլ հանում է: Ի՞նչ եք ուզում էդ մարդուց: Ի՞նչ է, ի՞նքն է հավաքականի գլխավոր մարզիչը, ի՞նքն է ինչ ինչոցը որոշողը, որ պատասխանատվություն կրի։ Էդ ո՞ր մի թղթի վրա գրվածը կամ ասվածն է իրականությանը համապատասխանում մեր այս օրերում, որ Վարդան Մինասյանի` հավաքականի գլխավոր մարզիչ լինելուն հավատանք: Եթե մասնավորապես այս պարզ ճշմարտությունը դեռևս հասկացողներ չկան, թող ուշադիր կարդան մամլո ասուլիսում նրա ասածը. «Եթե ես մեղավոր եմ, թող ինձ հեռացնեն»:
Էդ մարդը ինչն էլ ինչպե՞ս ասի, որ հասկանաք:
Եվ վերջում. եթե մի երկրում ֆուտբոլիստ պատրաստել հասկացության տակ ֆուտբոլ խաղալ չեն հասկանում, ի՞նչ եք ուզում էդ երկրից կամ էն կադրերից, ովքեր ապրում ու գործում են այդ տրամաբանության շրջանակներում և եղած ցուցումին անկարող են հակառակվել հանգամանքների բերումով:
Այսքան բանից հետո մի՞թե դժվար է հասկանալ, որ մեր ֆուտբոլի «կռի՜շն» է տարած, «կռի՜շը» (այստեղ խնդրում եմ նույնականության եզրեր չտեսնել հայկական ֆուտբոլի «կռիշի» ու օրերս օդանավակայանի VIP-ի քամու քշած տանիքի միջև):
Վա՜յ, հայ չե՞ք, էսքան բանն էլ չեք հասկանո՞ւմ:
Նախանձում եմ։ Իսկապես երանության աստիճանի երջանիկ եք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ընկերներիցս մեկը հիշեցրեց հաղթական խաղավարտից հետո մալթացիների բռնած շուրջպարի մասին: Մտածում եմ` կարո՞ղ է` էս մալթացիների նախնիները հայեր են: Եթե այդպես է, պարտությունից առանձնապես դառնանալու պատճառ, ոնց որ թե, պիտի չունենանք: Ի՜նչ է եղել, մերոնք են, թող ուրախանան:

Դիտվել է՝ 3276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ